ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել «իրական Հայաստանի» բրենդ, որ ոմանց ասածները «լեգիտիմ» լինեն

Ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել «իրական Հայաստանի» բրենդ, որ ոմանց ասածները «լեգիտիմ» լինեն
03.12.2025 | 17:05

Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը (ՆՓ) գործարարների հետ աշխատաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի «պետական շահը տնտեսական զարգացումն է»։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում այս անգրագիտությունը իր կողմից հնչեցվում է արդեն չորրորդ անգամ (ինչն ամենևին էլ չի նսեմացնում իր բացասական հանճար լինելը)։ Զարմանալի է, բայց փաստորեն մարդ կարող է յոթ տարուց ավել լինել պետության ղեկին, բայց մինչև հիմա չիմանալ, որ, ըստ քաղաքագիտական ու միջազգային հարաբերությունների հայեցակարգման, տնտեսական զարգացումը ինքն իրենով գլխավոր պետական/ազգային շահ լինել չի կարող, քանի որ տնտեսական ներուժն ու դրա մեծացում-զարգացումը հանդիսանում է պետական/ազգային շահի սպասարկման գործիքներից, միջոցներից մեկը։

Նույնն է, թե ասես․ փող աշխատելն իմ վերջնանպատակն է` առանց այն ներդնելու, ծախսելու, գործիք-միջոց կիրառելու որևէ նպատակ կամ մտադրություն կյանքի կոչելու։ Կամ, օրինակ, նույնն է, եթե ասես․ ես նախաճաշում եմ, որպեսզի ցերեկն ու երեկոյան նույնպես ուտեմ։ Ոչ թե ուտում եմ, որպեսզի ֆիզիկա-մտավոր ֆունկցիոնալությունս տեղը լինի, որ արարեմ, ստեղծագործեմ, աշխատեմ հանուն իմ շահերի ու հետաքրքրությունների կամ պարտականությունների իրականացման։

Որ գոնե պատկերացում կազմի, թե ինչ է պետական-ազգային ու ռազմավարական շահերը, ՆՓ-ն կարող է սկսել պրոֆեսոր Ֆրանկելի National Interest Key։ Concepts in Political Science գրքից ու վերջացնել UCL-ի իմ կոլեգա և լավ բարեկամ պրոֆեսոր Ֆիլիպ Քանլիֆի The National Interest: Politics after Globalisation աշխատությամբ։

Եվ այսպես, արդյո՞ք տնտեսական զարգացումը կարող է լինել միակ ազգային շահը։ Կարճ պատասխանն է՝ ոչ։ Տնտեսական զարգացումը ինքնին չի կարող հանդիսանալ կամ հռչակվել ազգային շահ, և այն ինքնին չի կարող հռչակվել ազգային շահ, եթե իհարկե պետությունը կայացած է, իսկ կառավորող էլիտան՝ ադեկվատ։ Տնտեսական զարգացումը կարող է լինել մշակված-հռչակված պետական-ազգային շահի սպասարկող բաղադրիչ, քանզի տարբեր տեսական մոտեցումներում՝ լինի դա ռեալիզմ, լիբերալիզմ կամ Անգլիական դպրոց՝ ազգային շահը դիտարկվում է որպես բազմաշերտ համակցություն և ոչ երբեք՝ մեկ-գծային նպատակ։

Տնտեսական զարգացումը նույնիսկ որոշ դեպքերում կարող է դիտարկվել կենտրոնական ուղղություն շահերի մեկ առանձին բլոկում, եթե ազգային տնտեսական շահն է (և այն հստակ ձևակերպված է որպես ռազմավարություն), օրինակ, Հայաստանը դարձնել տարածաշրջանում էլեկտրաէներգիայի լուրջ արտահանող, որի քաղաքական նպատակը կլինի Հայատաանից ստեղծել կախվածություն, ինչը տնտեսական մակարդակում կտա համեմատական առավելություն պետությանը կոնկրետ վերցված ոլորտում։ Կամ, օրինակ, ԱրԲանէի (AI) հիման վրա տեխնոլոգիական մրցունակ ռազմարդյունաբերության ստեղծում, որը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, կմեծացնի նրա ռազմավարական զսպման կարողությունները, բայց միևնույն ժամանակ կդառնա արտաքին ազդեցություն պրոյեկտելու գործիք՝ տեխնոլոգիական դիվանագիտության ու դրա հիման վրա դաշնակիցներ-ռազմական գործընկերներ ձեռք բերելու առավելություն։ Հետևաբար, տնտեսական զարգացումը նախ արդյունք է որևէ կոմպլեքս ու բազմաշերտ ռազմավարական պլան-շահ-նպատակ իրականացնելու և միևնույն ժամանակ դրանք սպասարկելու գործիք։

Հետևաբար՝ տնտեսական զարգացումը գործընթաց է, ոչ թե շահ։ Ազգային-պետական շահը արտացոլում է նպատակ, տեսլական,մինչդեռ տնտեսական զարգացումը՝ գործընթաց և արդյունք, որը կիրառվում է նպատակին ու տեսլականին հասնելու համար։ Հետևաբար, գրագետ չէ նպատակը փոխարինել ընթացքով։ Ազգային շահը կայուն և տևական (դինամիկ) երևույթ է, մինչդեռ տնտեսական առաջնահերթությունները փոփոխական ու ադապտիվ են՝ կախված շուկաներից, քաղաքական վարքագծերից ու գործընթացներից, արտաքին ցնցումներից և այլն։ Կարելի է ասել, որ տնտեսական զարգացումը գտնվում է մշտական դիալոգի մեջ պետական-ազգային շահի հետ և այն ադապտացվում է՝ կախված, թե ինչպես առավել արագ ու էֆեկտիվ հնարավոր կլինի սպասարկել պետական-ազգային շահը։

Ի վերջո, տնտեսական զարգացումը չի ստեղծում ինքնություն պետության վարքագծի ու ազգային քաղաքական նկարագրի մեջ։

Ազգային-պետական շահը հաճախ արտացոլում է պատմական հիշողություն, ինքնութենական բազմաթիվ շերտեր, հավաքական նկարագիր, հավաքական իղձերի իրականացում և տեսլական, կոլեկտիվ կոնսոլիդացիայի մոտիվացիա, աշխարհաքաղաքական դիրքավորում և այլն։ Կարճ ասած, ի տարբերություն ազգային-պետական շահի, տնտեսական զարգացումը չունի ազգ-կոնստրուկտ կառուցող բնույթ։ Չմոռանանք, որ մի շարք քաղաքագետներ և գիտնականներ հաճախ ընդգծում են, որ ժամանակակից պետությունների ազգային շահերը ինչ-որ առումով գաղափարախոսություններ են։ Պետական-ազգային շահն իր մեջ պարունակում է նաև ազգային հավաքական ամբիցիա։

Պետությունը, ինչպես նշեցի, ունենում է պետական շահի սպասարկման գործիքներ, որոնցից մեկն էլ հենց տնտեսական ներուժն ու դրա զարգացումն է։ Օրինակ, Հայաստանի պարագայում կա մի գործիք, որ շատ պետություններ չունեն` սփյուռքը։ Այո, կայացած ու ռազմավարությամբ առաջնորդվող պետությունների ձեռքին իրենց ազգային սփյուռքը նույնպես հանդիսանում է պետական/ազգային շահը սպասարկելու գործիք։

Հայաստանի Հանրապետության տարբերակվող հիմնական ռազմավարական ու անվտանգային շահն էր Արցախն ու իր բացարձակ հայկական տիրապետության պահպանումը։ Որովհետև․

1. Արցախը բարդ տարածաշրջանակարգային կոնֆիգուրացիայում Հայասատանի Հանրապետության հիմնական ուժային բազան էր (power base), Հայաստանի Հանրապետության հիմնական ուժային դիրքեր ապահովողը (power positions)՝ հայկական պետությանը թե՛ աշխարհագրական առավելություններ, և թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ էական արժեկշիտ տալու առումով։

2. Արցախի տիրապետման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ունակ էր պահպանել ուժային հավասարակշռությունը Ադրբեջանի հանդեպ՝ տալով տեղ-տեղ հավասար, իսկ տեղ-տեղ առավելություն վերջինիս հետ ուժային խաղի մեջ (power game)։

3. Հայաստանի համար Արցախի առկայությունը հնարավորություն էր տալիս ոչ միայն պրոյեկտել ազդեցություն իր իսկ անմիջական միջավայրում, ունենալ արտաքին քաղաքական մանևրականություն, այլ, նախ և առաջ, ապահովել ռազմավարական խորք և աշխարհագրության առավելություն` տալով հնարավորություն իրականացնել Ադրբեջանի հանդեպ կոնվենցիոն զսպման ռազմավարություն` զսպելով վերջինիս սուբհեգեմոնիկ և օրակարգ թելադրող դառնալու ամբիցիաները տարածաշրջանում։

4. Արցախը Հայաստանի համար անվտանգային, դեմոգրաֆիկ, ջրային, տնտեսական-֊հումքային ինքնավարության և կենսունակության կարևոր գործոն էր։

Սակայն, Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական ու անվտանգային շահը փաստացիորեն դավաճանվեց ներկա կառավարող էլիտայի կողմից` հանձնելով Արցախի հանդեպ Հայաատանի Հանրապետության բոլոր իրավունքները, ինչն էլ բերեց մեր պետության աշխարհաքաղաքական և ուժային արժեկշռի էական անկման՝ հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանը small power կարգավիճակից իջավ micro-state կարգավիճակի, մինչ Ադրբեջանը small power կարգավիճակից ձգտելով բարձրանալ ու հասնել հառնող միջին տերության (rising middle power) կարգավիճակի։

Կարևոր է գիտակցել, որ Արցախի կորուստը Հայաստանի գրեթե բոլոր ներկա ու հետագա խնդիրների ուղղակի կամ անուղղակի հետևանքն է լինելու, որոնք կարող էին չլինել, եթե Հայաստանի կողմից Արցախի տիրապետումը ամեն կերպ պահպանվեր ու այս գլխավոր պետական շահը պատշաճ կերպով սպասարկվեր թե՛ նախկին, և թե՛ ներկա էլիտաների կողմից։

Բայց, դե հիմա ի՞նչ։ ՆՓ-ն զբաղված է, մեղմ ասած, ոչ այդքան գրագետ թեզեր առաջ քաշելով, թե բա՝ տնտեսական զարգացումը պետական շահ է։ Բայց միևնույն ժամանակ դեմ է պետական կապիտալով վենչուրային կազմակերպությունների ստեղծմանը, մեկն էլ որը կար՝ վարի գնաց։ Մել էլ երևի շահ է Ադրբեջանին հետևողականորեն միակողմանի զիջումները մինչև ամբողջական հպատակեցում, կամ վերջինիս ռազմավարական ազգային շահերի սպասարկումը սեփական ազգի ապագայի հաշվին։

Ընդհանրապես, կարծես թե ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել «իրական Հայաստանի» բրենդ, որ ոմանց ասածները «լեգիտիմ» լինեն։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ